«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

«Մարդկությունը փորձեց իր խիղճը մարմնավորել Քրիստոսի մեջ ու երբ փորձեց իր խղճին համաքայլ ընթանալ, գիտակցեց, որ անհնար է ու... խաչեց իր խիղճը»

«Մարդկությունը փորձեց իր խիղճը մարմնավորել Քրիստոսի մեջ ու երբ փորձեց իր խղճին համաքայլ ընթանալ, գիտակցեց, որ անհնար է ու... խաչեց իր խիղճը»
11.07.2008 | 00:00

…և ոչ միայն մշակույթի մասին
«ԵՍ ՊԻՏԻ ԴԱՏԵՄ, ՈՐՊԵՍԶԻ ԻՆՁՆԻՑ ՀԵՏՈ ԵԿՈՂԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԸՆՁԵՌԵՄ ԻՆՁ ԷԼ ԴԱՏԵԼՈՒ»
ԱՐՄԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ, ռեժիսոր և բեմադրիչ, բազմաթիվ ուշագրավ, «ստանդարտներից» դուրս նախաձեռնությունների հեղինակ, մի ստեղծագործող, որին, այնուամենայնիվ, գերադասում են հեռու պահել ուղիղ եթերից։ Մենք ընթերցողին ենք տրամադրում նրա կարծիքներն ու տեսակետներն առանց մկրատման և անհարկի խմբագրման։

«ՄԵՐ ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՍԵՐՏԱՃԱԾ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԱՆՎԵՐՋ ԲԵՄԱԿԱՆԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԵՐՈՍՆԵՐ ԵՆ»
-Բեմադրիչի քննախույզ հայացքն ինչպե՞ս դիմավորեց անկախությունը։ Մեր հասարակությունը թատերական հրապարակի հարթակում էր և հարթակից վար։
-Տարիներ առաջ եմ պատասխանել նման հարցի։ Երբ թատրոնը ճեղքվեց և դուրս հոսեց, նրա հենասյունը, որ բախում ու կոնֆլիկտ է կոչվում, կյանք մտավ։ Թատրոնի բախումն ու կոնֆլիկտը մեր կենցաղի բաղկացուցիչը դարձան, ընտանիքից աշխատավայր։ Հասարակությունը պարզապես կարիք չուներ ևս մեկ անգամ դրա ականատեսը լինելու երեկոյան, թատրոն այցելելով։ Կոնֆլիկտի և բախման օրվա լիմիտը օրվա մեջ սպառվում էր։ Այսօր էլ նույն կոնֆլիկտն է ու նույն բախումը թատրոնից դուրս։
-Ոչինչ չի փոխվել, և այս տեսանկյունից չե՞նք քաղաքակրթվել։
-Վատթարացել է։ Թե՛ հեռուստատեսությունում ու ռադիոյում, թե՛ թատրոնում ուժգնացել է ժամանցային արվեստը, եթե, իհարկե, ժամանցը հնարավոր է արվեստ համարել։ Բայց ի՞նչ է ժամանցը` ժամ-անց։ Ակամա հիշում ես զինվորին կամ կալանավորին, ովքեր ժամ առաջ են երազում ավարտել ծառայությունը պահակակետում կամ պատժաժամկետը՝ խցում։ Այսպիսով, ժամանցի մեջ ներքաշվողները չեն էլ ենթադրում, որ սպանում են իրենց կյանքի թանկ ժամանակը։ Այսինքն՝ այնքան էլ տանելի չէ մեր ապրած ժամանակը։ Սա ենթագիտակցական ապրում է, շատ ավելի խորքային, քան գիտակցությունը։ Բարեկեցիկ Եվրոպայում հիմար չեն և իրենց ժամանակը չեն սպանում զանազան ժամանցներում։
-Միաժամանակ կարծես թե վաղ առավոտից մինչև կեսգիշեր Եվրոպայում չեն խոսում քաղաքականության շուրջ, այսինքն՝ քաղաքական լեզվակռիվը Եվրոպայում ժամանցի նախընտրելի ձևը չէ։
-Իշխանության կյանքը հետաքրքրում է հանրությանը, քանզի նրա ձեռքում է յուղաբլիթի ամենայուղալի ու գայթակղիչ մասը։ Յուղաբլիթն ազգային հարստությունն է, պետական ունեցվածքը կամ այլ մի բան, բայց անպատճառ հանրային սեփականություն, որն արտոնյալ խավի տնօրինման տակ է։ ՈՒ նրանց կյանքն ու ապրելակերպը շատ ավելի թատերականացված են և շատ ավելի ուշադրության կենտրոնում։ Թե երբ և ինչ արեց Սարկոզին, ֆրանսիացուն բնավ հետաքրքիր չէ։ Նա Լուվրում և Մոնմարտրում է իր հետաքրքրությունները բավարարում։ Մեր իշխանավորներն իրենց, հաճախ ֆեոդալական վարք ու բարքով մշտապես հետաքրքրության կիզակետում են։ Նրանք և նրանց սերտաճած օլիգարխները թատերական անվերջ բեմականացումների հերոսներ են։ Սարկոզին կամ Բուշն ուշադրության կենտրոնում են միայն որևէ սկանդալային պատմության մեջ ներքաշվելով։
«ՎԻՇԱՊԻ ՏԵՂԸ ԳՐԱՎԵԼՈՎ՝ ԿԱՐՃ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՑ ՀԵՐՈՍՆ ԻՆՔՆ Է ՎԻՇԱՊԻ ՎԵՐԱԾՎՈՒՄ»
-Մեր համազգային-համապետական ծփուն այս թատերախաղը սկսվեց թատերական հրապարակից, որը, չգիտես ինչու, վերանվանվեց Ազատության հրապարակ, երբ երեկ ու այսօր ազատ ենք նույնքան, որքան ազատ է բանջարանոցի խրտվիլակը։ Ինչևէ, երբ առաջին նախագահը հրապարակ իջավ, արդի քաղաքական միտքը նախ տարակուսեց, հետո անցավ քմծիծաղի, վերջում միայն փորձեց ըմբռնել, թե, այնուամենայնիվ, ինչո՞ւ նրա շուրջը հավաքվեց հանրության մի պատկառելի հատվածը։
-88-ին մեզ մի հաստափոր հատոր հանձնեցին և ասացին. «Այստեղ արդարության մասին խոսք կա, ընթերցեք ու գտեք արդարությունը»։ Քսան տարի անց, արդարությունը չգտնելով և հատորի միջնամասը դեռ չհասած, մենք հետ ենք գնում և առաջին էջերում փնտրում անփութորեն անտեսված արդարությունը։ Չէ՞ որ Տերունական աղոթքը շշնջալիս քրիստոնյաները դիմում են երկնային Հորը՝ ենթագիտակցորեն նրա մեջ ոչ թե նախ բարին կամ ճշմարիտը փնտրելով, այլ արդարությունը։ Եթե մենք ժառանգելու բան ունենք մեր երկնային Հորից որպես 1700-ամյա քրիստոնյաներ, դա նախ և առաջ արդարությունն է։ Եվ եթե այն չի ժառանգվում, մնացած ամեն բան երկրորդական է։
Ինչևէ, 88-ից հետո, հավանաբար առաջին անգամ, ժողովուրդը սկսեց կասկածել իր ընթերցման ճշմարտացիությանը և սկսել է վերընթերցել հայոց նորագույն պատմության տարեգրությունը։
-Վերընթերցում ենք՝ գտնելու հույսով։ Բայց և այնպես...
-Այլ խնդիր է՝ այսօր կգտնե՞նք փնտրածը մեր, թե՞ ոչ։ Գուցե ինչ-որ բան 88-ին և քիչ անց այլ կերպ ընկալվեց, այլ կերպ ընթերցվեց։ Այս հարցերը, թերևս, ամենաէականն են։ Սակայն իրականում չինական հնագույն հեքիաթի հետքերով ենք գնում։
-Թերևս «վերընթերցենք» հեքիաթը։
-Թերևս։ Վիշապը ծանր ու դաժան հարկեր է դնում գավառների վրա, նաև պահանջելով գավառի ամենագեղանի կույսերին։ Յուրաքանչյուր գավառից մի հերոս է հասնում վիշապի դղյակը, սպանում նրան անհավասար մարտում ու չի վերադառնում։ Քանզի վիշապի տեղը գրավելով՝ կարճ ժամանակ անց ինքն է վիշապի վերածվում։ Սա հինգհազարամյա ճշմարտություն է, և սրա դեմ կռիվ տալն առնվազն ծիծաղելի է։
«ՀՈՒՅՆԵՐՆ ԱՍՈՒՄ ԷԻՆ՝ ՆՊԱՏԱԿԸ ՈՉԻՆՉ Է, ՇԱՐԺՈՒՄԸ՝ ԱՄԵՆ ԻՆՉ»
-Ձեր աշխարհի հեղինակավոր մարդկանցից մեկը՝ Երվանդ Մանարյանը, համոզված է, որ հարթակներում ու երթերում, ի վերջո, ծնվեց հանրապետության քաղաքացին։
-Քաղաքացին, անշուշտ, ծնվեց։ Եվ ասվածին կողմնակից եմ լիովին։ Հույներն ասում էին՝ նպատակը ոչինչ է, շարժումը՝ ամեն ինչ։ Իրոք, շարժումն ամեն ինչ է։ Սակայն եթե այն ուղղորդված չէ, վեր է ածվում քաոսի։ Սա էլ չմոռանանք։ Չմոռանանք նպատակներն ու չընթանանք դեպի քաոս։ Միաժամանակ չմոռանանք, որ անզոր ենք վերահսկելու շարժումը, կռահելու նրա վերջնարդյունքը։ Առհասարակ, երբ անգամ երեք մարդ է ի մի գալիս, արդեն անվերահսկելի է, անկանխատեսելի է, քանզի անկանխատեսելի է ամբոխի վարքագիծը։ Իսկ երբ հարյուր հազարներն են ի մի գալիս...
-Հեղափոխություններն ու հեղափոխական շարժումներն ունեն յուրահատուկ մի տրամաբանություն։ Հարթակում շարք բռնած առաջնորդները սովորաբար հանրահավաքին մատուցում են այն գլխավորը, ինչի համար ժողովուրդը հավաքվել է։ Դա է կատարվում նաև այսօր։
-Ոչ։ Դա կատարվել ուղղակի չի կարող։ Ինձ թվում է՝ հանրահավաքի եկած ժողովուրդը չի եկել քաղաքական հրամայականները ճշգրտելու։
-Այդ դեպքում ի՞նչն է նրանց Մատենադարան ուղեկցում։
-Յուրաքանչյուր հայ տուն է կառուցում, յուրաքանչյուր հայ բանաստեղծություն է գրում, և յուրաքանչյուր հայ իրեն իրավունք է վերապահում քաղաքականությամբ զբաղվելու։ Սա անհեթեթություն է։
-Յուրաքանչյուր այգաբացի Հայաստանում երեք միլիոն Նապոլեոն է ծնվում։ Սա հինգ հազար տարվա իմաստնություն չէ, բայց, այնուամենայնիվ, ճշմարտության ոսկե հատիկ պարունակում է։
-Հարցադրեմ այսպես. արդյո՞ք ինձ թույլ կտամ մասնակցել շախմատի որևէ միջազգային մրցաշարի։ Ես, Դուք, այլ մեկը։ Իհարկե՝ ոչ։ Բայց երեք միլիոն մարդ առնվազն իրեն իրավունք է վերապահում վիճելու քաղաքական ցանկացած գործչի հետ ու վիճարկելու նրա խոսքը։ Գուցե սրա հենքում ազգային բարձր անհատական նշաձո՞ղն է։ Տեսեք, արևելյան ժողովուրդները, դեղին ռասան իրենց առաջնորդին, կայսրին կամ իշխանին ընդունում են որպես Աստծո փոխանորդի։
-Հավանաբար, պատահական չեն ճապոնական, չինական և այլ տնտեսական հրաշքները։
-Իհարկե։ Բայց միաժամանակ ցանկացած բարձր պաշտոնյայի, անգամ երկրի ղեկավարի կաշառակերության դեպքում մահապատժի են ենթարկում։
-Տարոսը մեզ։
-Կրկին պատվիրանին անդրադառնամ և մերժեմ այն մտայնությունը, որը հավերժորեն կրկնվում է՝ մի դատիր, որ չդատվես։ Ես պիտի դատեմ, որպեսզի ինձնից հետո եկողին հնարավորություն ընձեռեմ ինձ էլ դատելու։ Միայն այս պարագայում ես չեմ խաբի, չեմ թալանի, չեմ բարոյազրկի։ Նշանաբանի ենք վերածել՝ մի դատիր, որ չդատվես, և ազատություն ձեռք բերել թալանելու և բարոյազրկելու։ Որքա՞ն է սա շարունակվելու։ ՈՒ, ի վերջո, անկախության տարիներին շարունակ խոսում ենք վիթխարի չարաշահումների մասին, եղա՞վ մեկը, որ դատվեր, որ մահապատժի ենթարկվեր։
-Մեր խոսակցությունը շրջահոսվում է պատվիրանների և ասույթների շուրջ։ Հիշենք մեկը ևս, «Յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր ղեկավարին»։
-Թույլ տվեք չհամաձայնել։ Ես, հազար անգամ ներողություն խնդրելով, պիտի ասեմ, որ երեկվա և այսօրվա իշխանությանն ու կառավարությանն ինձ համարժեք չեմ համարում։ Հարց է առաջանում և օրինական հարց. իսկ ինչո՞ւ եմ այստեղ։ Այս խոսքը մեզ հարիր կլիներ 5-րդ դարում, քանզի չկային սահմանափակումներ, և ժողովուրդն իր իշխանավորին արժանի լինել-չլինելու երկմտանքի առջև չէր կանգնում, նա պարզապես տարագրվում էր։ Ինչը և արվում է մեծ հաջողությամբ։ Բայց ինչպես այսօր այն կիրառել, երբ քեզ զսպաշապիկ են հագցրել։
-Զսպաշապի՞կ, խիստ չի՞ ասված։
-Իսկ ի՞նչ է, յուրաքանչյուրը, ով իրեն արժանի չի համարում իր իշխանությանը, կարող է ազատ ընտրել իր ցանկալի երկիրն ու հաստատվել այնտե՞ղ։ Դա եզակիներին է հաջողվում, ում բախտը գուցե թե նաև բերում է։
-Երբ պետականություն էր ձևավորվում, երբևէ Ձեր մտահոգության առարկա հանդիսացե՞լ է, ասենք, նման մի հարց` արդյոք Շարժման տղաները նույնքան վառ ու նվիրյալ կլինե՞ն պետություն կառավարելիս։
-Շատերին Շարժման ակունքներից գիտեմ և, իհարկե, մտավախություն ունեի. արդյոք ֆիզիկոսն ու պոետը կարո՞ղ են նույնքան հաջողակ լինել քաղաքականության բնագավառում։ Ի վերջո, քաղաքականությունը շախմատային պարտիա է, որի նրբություններին, տակտիկական և դիրքային խաղին պետք է լիուլի տիրապետես՝ այս պահին տանուլ տալու գնով փրկելու խաղը և այլն։ Շարժման տղաները պետություն կառուցելիս փորձեցին պետություն կառավարելու արվեստը սովորել, մերձեցան քաղաքական շախմատի զինանոցին և... տանուլ տվեցին։
-Վերընթերցենք ևս մեկ անգամ. ի՞նչն էր նրանց պակասում՝ փո՞րձը, իմաստնությո՞ւնը, թե՞ այլ մի բան։
-Շատերի մեջ ընչաքաղցությունը, կոկորդի ու որկորի խնդիրը շատ ավելի առաջնային էր, քան գիտելիքը։ Զ. Ֆրեյդը հետաքրքիր էր ասում, որ մեր ենթագիտակցությունն իշխում է գիտակցությանը, և մենք մեր բանականությունը գործի ենք դնում մի կտոր հաց գտնելու կամ գեղեցիկ մի կնոջ տիրանալու համար։
-Բանականությունը խիստ նյութապաշտ է, ինչի՞ն է ծառայում կամ լծվում բարոյականությունը։
-Ասված է, որ մարդկությունը փորձեց իր խիղճը մարմնավորել Քրիստոսի մեջ ու երբ փորձեց իր խղճին համաքայլ ընթանալ, գիտակցեց, որ անհնար է ու... խաչեց իր խիղճը։
«ՄԵԶԱՆՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԻ ԵՆ ՎԵՐԱԾՎԵԼ ԳՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ, ԹԱՂԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՔՆ ՈՒ ԲԱՐՔԸ, ՀՈԳԵՄՏԱԿԵՐՊԸ»
-Անդրադառնանք այն հարցին, թե ինչ ձևաչափով եք պատկերացնում երկխոսությունը Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև։
-Չեմ պատկերացնում։ Անհնար է։ Պատվամոլությունը թույլ չի տա. Լևոն Տեր-Պետրոսյանը երկխոսությա՞ն գնա, բացառված է։ Սակայն երկխոսության իմիտացիային ականատես կլինենք շարունակ։ Եվ այսպես թե այնպես, բախումն անխուսափելի է։
-Այսինքն, Աստված մի արասցե, մի մարտի մեկ և՞ս։
-Սոսկալի բան է, իմ ողջ էությամբ դեմ եմ, սակայն այս կեցվածքով, այս պատվամոլությամբ նրանք պիտի բախվեն։
-Ի՞նչ կառաջարկեիք բախումը կանխելու համար։
-Վաղուց է հայտնի՝ ամենասուր քննադատության դեմ լավագույն պայքարը ինքնաքննադատությունն է։ Բայց լսե՞լ ենք երբևէ, որ որևէ քաղաքական գործիչ կամ պետական այր ընդունի իր սխալը հրապարակավ։ Իր սխալը, վրիպումը, բացթողումը թող նշի նախ երկրի նախագահը։ Ո՞Ւմ համար է գաղտնիք, թե իշխանության մետաստազները մինչև ուր են հասնում։ Է, թող կտրվի մի քանիսի գլուխը։ Նույն Տեր-Պետրոսյանն իր հերթին թող հրապարակավ ընդունի իր այս կամ այն սխալը։ Չենք լսի։ Մեզանում ազգային մտածելակերպի են վերածվել գողական աշխարհի, թաղային հեղինակության վարքն ու բարքը, հոգեմտակերպը։ Մենք երբևէ սխալ չենք։ Սա սարկազմի է հասնում։
-Կա՞ մեկը հայոց քաղաքական Օլիմպոսում, ով բավարարել է Ձեր ճաշակը։
-Կար: Վազգեն Մանուկյանը։ Սակայն երբ նա շատ հարցերում խուսանավել սկսեց, հասկացա, որ ցանկություն չունի թևերը քշտել ու գործի անցնել։ Ցավոք, այսօր դեռևս բիրտ ուժը որոշիչ է, և Վ. Մանուկյանի ժամանակը չէ։
-Իսկ ո՞ւմ ժամանակն է։
-Ձերժինսկու։ ՈՒ գիտե՞ք ինչու։ Սեփական անձի հանդեպ դրսևորած ասկետիզմի։ Եթե ղեկավարը նույնն է անում իր ժողովրդի հանդեպ, ինչն արել էր սեփական ընտանիքի նկատմամբ, արդարացված է։ Առհասարակ, աստվածատուր ղեկավարն անգամ հիշեցնում է օվկիանոսում լողացող կապույտ կետին, ում կողքից ձկների ու ձկնիկների վտառներ են լողում և սնվում կետի մնացորդներով։ Անգամ Նժդեհի կողքին 2-3 հավատարիմ զինակիցներ կարող են լինել, մնացած հարյուրը մի նպատակի է հետամուտ՝ լափել։ Այսքան որ ցատկում են մի կուսակցությունից մյուսը, անհրաժեշտության դեպքում նաև հետ ցատկում, ի՞նչն է պատճառը։ Մի գիշերվա ընթացքում քառասունից ավելի մարդ գաղափարափոխվեց, քնեց որպես ՀՀՇ-ական, արթնացավ Երկրապահ, հետո էլ օրն ավարտեց որպես Հանրապետական։ Ցավալի է։ Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակը նշեցինք՝ աշխարհին ընդամենը ցույց տալու, որ մենք մահմեդական չենք։ Եվ մեր հոգեմտակերպն ու կեցվածքն ամենևին քրիստոնեական չեն։ Հարբած մեկը մտնում է եկեղեցի, մոմ վառում ու ջիպը նստած ուղևորվում հերթական մեղքը գործելու։
-Մեր ավանդական վերջնահարցը։ Ինչո՞վ եք զբաղված։
-Տառացիորեն վերջերս հանձնեցի Արա Արծրունու «Անավարտ վեպ» պիեսը, պարադոքսի կամ աբսուրդի թատրոնի համար է, հետաքրքիր գործ։ Այնտեղ սիրո մասին է, մեզ շատ է պակասում սերը։ Մեր իշխանական և տնտեսական վերնախավից շա՜տ-շատերն այսօր շա՜տ բան կտային` սիրված լինելու համար։

Հարցազրույցը՝ Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 6405

Մեկնաբանություններ